Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Մեդուզան՝ արվեստանոցում, դահիճը՝ դռանը

Մեդուզան՝ արվեստանոցում, դահիճը՝ դռանը
01.04.2026 | 21:55

(կամ՝ գրիմավորված PR-ից մինչև ազգային Game Over)

Շա՜տ սկանդալիստ ժողովուրդ ենք, բայց։

Նախկին Başbayan-ը մեղավոր է՞ր, որ քանդակագործը սեփական նախաձեռնությամբ որոշել էր հավերժացնել նրա դեմքը և իր իսկ արվեստանոցի ստեղծագործական միջավայրում վրձնել այն հայացքը, որը շանթահարում ու մեռցնում է ամենը, ինչին դիպչում է։

Նաև համբուրել էր մահաբեր գեղեցկուհու աջն ու առիթը բաց չթողնելով ճշտել․

«Կարո՞ղ է ամուսինդ ինձ կալանավորի»։

«Չէ՛, ի՞նչ ես խոսում»,- ժպտացել էր ակամա նկարիչ դարձած արձանագործի նորօրյա Մեդուզան, որի հայացքից քարանում են անգամ ամենակոփված հոգիները, բայց ինչից հաջողությամբ խուսափել էր կենդանի մի լեգենդ։ Իսկ հետո լրագրողի ճշտող հարցին․

«Բայց նրանք ամուսնալուծվել են, էլ ի՞նչ ամուսին»,- քանդակագործը պատասխանել էր երկիմաստ․

«Այ մարդ, ես ի՞նչ գիտեմ, է՜: Ասացի`կարո՞ղ է խանդի ամուսինդ, ասաց` ոչ մի դեպքում»։

Դիպվածից օրեր անց էլ, շատերը բզբզում էին, թեկուզ պստիկ առիթ փնտրում արտահայտվելու։

Ինչը և չուշացավ։

«Իրական» Հայաստանի հանրաճանաչ կին ռազմական գործչից «նորաձև կրթող» դարձածի բնորոշմամբ՝ ինչքան «ոջիլ» ու «մեռելի զդաչի» կար նախանձից դրդված նորից սկսեց «շան լափը» թափել Թոքմաջյանի յուրօրինակ բնորդուհու գլխին՝ ընդամենը Facebook-յան մի քանի տողի պատճառով։

Ընդ որում՝ ճշմարիտ տողերի։

Նախկին de fakto վարչապետուհին ազնվորեն խոստովանում է․

«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած կլիներ անպայման, եւ իհարկե տպավորված կլիներ, դժվար թե մոռանայի»։

Կեղծու՞մ է։ Իհարկե՝ ո՛չ։

44-օրյայի ողջ ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներն իրականացնողը ո՞նց կմոռանար մի դեմք, այն էլ ինչպիսի՜ դեմք, եթե տեսած լիներ։

Ռազմական գործի այս «իսկական պրոֆեսիոնալը» 100-տոկոսոնաց ճշմարտությունն է ներկայացրել։

«Էրատո» ջոկատի մահապարտ առաջնորդուհին որտեղի՞ց իմանա, թե ով է Արցախյան ազատամարտի մասնակից, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը, նույն ինքը՝ Կանդազը, եթե վերջինս, ի բարեբախտություն իրեն, այդպես էլ չի հայտնվել հզոր հրամանատարուհու տեսադաշտում՝ ժամանակավորապես եղել է «անհասանելի» կամ գտնվել է «ռադիոծածկույթից» դուրս թե՛ թշնամու, թե՛ Մեդուզայի համար։

Անգամ չի մասնակցել «թեժ մարտերին»՝ Գորիսի հյուրանոցում։ Եվ փա՜ռք Աստծո։ Այլապես ինքն էլ կդառնար քարե մի արձան։

Ո՜նց թե․․․ Գորիսում ի՛նչ ռազմաճակատ։

Մինչ զարմացած հարցադրելը, պատասխանեք՝ ինչո՞վ ինքնատիպ մարտադաշտ չէ, երբ ստիպված ես նոր ֆենած մազերով ու Աստված գիտե՝ քանի հազարանոց դիմահարդարմամբ պառկել հյուրանոցի հատակին՝ ընդամենը մեկ կոմուֆլյաժով ու օրեր շարունակ սելֆիներ անել։

Կարծում եք հե՞շտ է։

Կանդազի «Մարտական խաչը» հայկական Մեդուզային պետք է շնորհեին։

Ավելին՝ Մակրոնն էլ հաստատ կույր է, կամ էլ՝ քաղաքական ճաշակ չունի։

Վիրավորական է, չէ՞, «Պատվո Լեգիոնի» արժանի միակ «գլամուրիկ» թեկնածուին թողած՝ շքանշանը տանես կախես «Ասֆալտի Սուրո» մականունով պատմության ինչ-որ վարժապետի «դոշից»։

Կատարվածը ոչ թե պարգևատրում է, այլ արժեքների հրապարակային մահապատիժ, որտեղ իրական հերոսը դաատապարտված է լռելու, որպեսզի փայլեն «ասֆալտային ասպետները»։

Եվրոպական հավակնություններով տառապող տիկինն ի՛նչ է հասկանում պաշտպանությունից ու բանակի՞ց:

Սխալ հարցադրում է։

Ամուսնալուծված Başbayan-ը սովորական First Lady-ի չէ՝ խիստ է տարբերվում մինչ 2018-ը եղած բոլոր առաջին տիկիններից։

Խորհրդավոր «բնորդուհին», որի հետ ընդամենն ընթրելու համար շատերը պատրաստ էին պարտադիր-կամավոր սկզբունքով երեք, հինգ կամ տասը միլիոն զոհաբերել, 2020-ի սեպտեմբերի 27-ից դեռ շատ առաջ էր նախապատրաստվել իր որոշիչ դերին՝ պատերազմական գործընթացները «կառավարելուն»։

Ավտոմատը խտտած դաշտեր էր «վարում», սարուձոր ընկած, քար-քռա հաղթահարելով սողում-թավալ էր գալիս, կրծքերն ու ծնկներն արյունլվիկ անում։

Ցուցադրվող «արյունն» իհարկե կարմիր շպար էր կամ PR- «գրիմ», քանի որ իրական արյան համն ու հոտը նա պետք է զգար հետո՝ ուրիշների զավակներին «քարացնելու» հաշվին։

Միայն հետո, երբ ի դժբախտություն հայ մայրերի ու Հայաստանի, ստանձներ ճակատագրով իրեն վերապահված գերագույն գլխավոր հրամանատարի դերակատարությունը, և թե՛ մարտադաշտում, թե՛ թշնամու թիկունքում իրականացներ ամենայն մանրամասնությամբ մշակված «հզոր օպերացիաներ», որոնք հետագա սերունդները դեռ կուսումնասիրեն՝ որպես ռազմավարության ու մարտավարության աննախադեպ նմուշներ։

Կարծում եք պատահական արտահայտությու՞ն էր ինքնախոստովանությունը՝ «չեմ մտաբերում» հետախույզի դեմքը։

Իզուր։ Սույն դերասանուհին ոչ մի բան հենց այնպես չի անում։ Նրան խիստ է անհանգստացրել այն իրողությունը, որ իր ամենադետ հայացքն այդպես էլ չի ֆիքսել «անտեսանելիի» գլխարկ հագած հետախույզին, որն այսօր, ի ցավ վարչակույտի, ղեկավարում է «ՈՒժեղ Հայաստանի» անվտանգության թիմը։

Հիշյալ մտահոգությունն առավել ցայտուն է դրսևորվում գրառման շարունակությունում, որտեղ տիկինը փորձում է կասկածի տակ դնել Կանդազի ինֆորմացվածությունը։ Որքա՜ն պետք է կտրված լինես իրականությունից, որպեսզի լեգենդար հետախույզին մեղադրես պատերազմից «գաղափար չունենալու» մեջ։ Նույնն է, թե Մեդուզան փորձի քննադատել արծվի տեսողությունը՝ սեփական քարացած հայացքի բարձունքից։

Ընդհատակյա ամուսնու սադրիչ ու սպառնալից «ՈՒղերձ եռագլխիկներին» լայվին սինքրոն հնչեցրած մտքերում տիկինն այնքան է անկեղծանում, որ ակամա բացահայտում է իրենց երկուսի մեկ կենտրոնից ուղղորդվող համակարգված քայլերը, ինչը քաղաքական դուետի դասագրքային օրինակ է։

Հետևապես, գրառումը ոչ թե «չհիշելու» մասին է, այլ հստակ հրահանգավորված քաղաքական գրոհ, որը հայտնվում է ճիշտ այն ժամանակ, երբ քայլող սադրանքն իրեն հատուկ գավառական «նիժնիտապռյան» հռետորաբանությամբ սպառնում է ընդդիմադիրներին, որոնց շարքերում է և Կանդազը։

«Այր ու կին՝ մի մարմին» կախարդական շրջանի մի կեսը սպառնում է ուժով, մյուսը՝ փորձում է բարոյազրկել հեղինակություններին։ Նրանց թիրախը ոչ թե Կանդազի հիշողությունն է, այլ այն անվտանգային վահանը, որը ձևավորվում է «ՈՒժեղ Հայաստանի» շուրջ։

Սրանց հյուսած խառնափնթորում առկա է դժվար ընկալելի մի նուրբ հեգնանք, ինչը սույն «բնորդուհին» իր «սոցցանցային տրամաբանությամբ», այդպես էլ չըմբռնեց։

Երբ նա հանրությանն իրազեկում է, թե Կանդազը «գաղափար չունի» պատերազմից կամ վերջին սենսացիաներից, կամա թե ակամա մատնում է իրենց վախերը։

Զարմանում ես՝ սրա կողքին չկա՞ր քիչ թե շատ տրամաբանող մեկը, որ հուշեր․

«Տիկի՛ն, հետախույզի աշխատանքի իմաստը հենց այն է, որ իր իմացածի մասին Դուք ոչ միայն գաղափար չունենաք, այլև չկասկածեք, որովհետև հետախույզի հաջողությունը հենց Ձեր տեսակի կատարյալ կուրությունն է։ Մինչ Դուք զբաղված էիք պատերազմը «լայվերի» ու PR լուսանկարների վերածելով, Կանդազը տիրապետում էր այնպիսի տեղեկության, որի կողքին Ձեր «բունկերային» պրիզմայով անցած զեկույցներն ընդամենը անհաջող խաղի սցենարներ էին, որ վերջացան ազգային «game over»-ով։

Սա պրոֆեսիոնալիզմի հաղթանակն է դիլետանտիզմի նկատմամբ»։

Բաժանված, բայց չտրոհված այս երկյակին անասելի զայրացնում է, որ Կանդազը ոչ միայն չի խոսում այն ամենի մասին, ինչ գիտի, այլ նաև իր լռությամբ ու ներկայությամբ քանդում է ութ տարի կառուցված կեղծիքի հսկա բուրգը։

Հետևաբար, ուղիղ եթերներով ու Facebook-յան գրառումներով պետք է սևացնել ամեն ինչ՝ գիտակցված խախտելով նույնիսկ անմեղության կանխավարկածը։ Դեռ չկա դատարանի վճիռ, բայց երկրի վարչապետ կոչվածը տեսանյութով արդեն «դատապարտում» է, պիտակավորում և քաղաքական վճիռ կայացնում՝ արդարադատությունը փոխարինելով սոցցանցային լինչի դատաստանով։

ՈՒ այս ամենը ճիշտ այն պահին, երբ առկա է հայոց պետականության հիմքերին հարվածող արտաքին սպառնալիք։

Մինչ Ադրբեջանը վայրահաչում է ինչ-որ միֆական ցեղասպանությունից և հակահայցեր ներկայացնում միջազգային ատյաններ՝ ձգտելով 1918 թվականի իրադարձությունները վերածել մեր դեմ ուղղված զենքի, իսկ Թուրքիան սատարում է այդ «պատմական ռևիզիոնիզմին», Հայաստանի ներսում ընթանում է մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր գործընթաց։

ՀՀ ղեկավար ներկայացողն այս երկուսին՝ Ալիևին ու Էրդողանին համահունչ, փորձում է կենդանության շունչ փչել «ներքին թշնամու» կերպարին։ Սովորության համաձայն՝ թիրախավորում է նրանց, ումից վախենում է Բաքուն, և այդ հարձակումն առավել է բորբոքում նրա «մարաղ մտած» անկողնակիցը՝ իր աղավաղված բեք վոկալով ու սինլքոր հեգնանքով։

Սա արտաքին և ներքին հարվածների սարսափելի համաձուլվածք է, որտեղ հայ մարդը հայտնվում է երկու կրակի արանքում. դիմացից թշնամին է, թիկունքից՝ սեփական իշխանությունը։

Վերջինս, զինված կասկածելի ձայնագրություններով ու «փողոցային» մակարդակի մեղադրանքներով, փորձում է համոզել, թե 180 հոգու ընտրակաշառքն ավելի մեծ վտանգ է, քան ամբողջ հայության պատմական ժառանգության ուրացումն ու պետականության փլուզումը։

Վարչապետի իրավասությունների շրջանակում չտեղավորվող այս խուսքուզրույցով ու «սենսացիոն» բամբասանքներով՝ զոհի կարգավիճակում հայտնված հային ստիպում են զբաղվել ներքին «ինտրիգներով», մինչդեռ դահիճը դրսում արդեն կացինն է սրում։

Նպատակը պարզ է՝ թմրեցնել զգոնությունը, որպեսզի երբ իջնի կացինը, հայը դեռ զբաղված լինի ֆեյսբուքյան մեկնաբանություններում «արդարություն» փնտրելով։

Սա ոչ թե պետական կառավարում է, այլ մահացու բեմադրություն, որտեղ վաստակավոր արտիստուհին ու նրա ամուսինն իրենց վերջին դերն են խաղում հայոց պետականության հաշվին։

Բայց կա մի ճշմարտություն, որը ոչ մի «դերասանուհի» իր շպարված էմոցիաներով և ոչ մի բունկերային «վարչապետ» իր սպառնալից լայվերով այդպես էլ չըմբռնեցին. Կանդազը և նրա տեսակը քաղաքական PR նախագծեր չեն։ Նրանց հեղինակությունը կոփվել է այնտեղ, որտեղ ֆեյսբուքյան «էֆեկտները» չեն հասնում, իսկ «ֆենած» PR-ակցիաները վայրկյանների ընթացքում վերածվում են մոխրի։

Մեդուզայի հայացքը կարող է քարացնել միայն նրանց, ովքեր արդեն իսկ հոգով դատարկ են, բայց այն անզոր է լեգենդի առաջ։

Հերոսն անմահ է այնքան ժամանակ, քանի դեռ ազգը հիշում է իր իսկական զավակներին։

Առաջիկա ընտրությունը, որն իրականում սարերի հետևում չէ, լինելու է ոչ թե կուսակցությունների կամ անձերի, այլ Արժանապատվության և ՈՒրացման միջև։

Շան գլուխը հենց այստեղ է թաղված. նրանք սարսափում են այն Հայաստանից, որն այլևս չի քարանալու իրենց հայացքից։

Մինչ նրանք բեմում խաղում են իրենց վերջին արարը, բոլորիս իրական հայրենիքը վերագտնում է իր տեսողությունը։

Իսկ երբ ժողովուրդն արթնանում է, դերասանները լքում են բեմը, իսկ դահիճները՝ ստվերը։

Ընտրությունը մերն է՝ մնալ որպես քարացած արձան նրանց արվեստանոցում, թե՞ դառնալ այն կենդանի ուժը, որը կջարդի այդ Մեդուզայի հայելին ու կկառուցի իրական, անվտանգ և զորեղ Հայաստան։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 4318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ